ՀասարակությունՔաղաքականություն

ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՈՒԺԸ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Քաջարան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ևս սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Սույն համայնքում պայքարն ընթանալու է 3 ուժերի միջև՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի թեկնածուն Արմեն Առաքելյանն է, «Դեպի միասնություն» դաշինք, որի թեկնածուն գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է, և «Հանրապետություն» կուսակցություն՝ Վարդան Գևորգյանի թեկնածությամբ:

Ընտրություններին ընդառաջ՝ զրուցեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Առաքելյանի հետ:

Արմեն Առաքելյանը ծնվել է 1983 թ. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: 1990-2000 թթ. սովորել և ավարտել է տեղի Ստ. Շահումյանի անվան թիվ 2 միջն. դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել ԵՊՃՀ-ի էներգետիկայի ֆակուլտետի արտադրական ձեռնարկությունների կառավարում և էկոնոմիկա բաժնում: Ուսումնառությունից հետո աշխատել է Քաջարանի համատիրությունում՝ որպես ավագ մասնագետ: 2006-2011 թ. եղել է Քաջարանի «Հացի գործարան» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը: 2008-2012 թթ. Քաջարան համայնքի ավագանու անդամ էր: 2013 թ. հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է «Առթա» ՍՊԸ-ն: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

– Պարոն Առաքելյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Քաջարան համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու  ցուցակը։

– Առաջարկը եղել է կուսակցության կողմից, ես էլ մեծ սիրով ընդունել եմ: Հոգուս կանչն է, սերը առ հայրենիք: Ծնվել, կրթություն ու դաստիարակություն եմ ստացել այս քաղաքում և ունեցել հաջողություններ կյանքում և աշխատանքում: Հիմա էլ ցանկանում եմ իմ գիտելիքները, ներուժը ծառայեցնել մեր համայնքի զարգացմանը։

– Պարոն Առաքելյան, ի՞նչ խնդիրներ կան համայնքում, որոնց լուծում կտաք ընտրվելու դեպքում:

– Համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրներին ծանոթ ենք, տեղյակ ենք բոլոր մտահոգությունների, ժողովրդի պահանջների, խնդիրների մասին։ Մեր ընտրվելու դեպքում առաջինը լծվելու ենք գյուղական բնակավայրերի խնդիրների լուծմանը, որովհետև ավելի շատ խնդիրներ այստեղ կան, քան բուն քաղաքում: Գյուղական համայնքներում ունենք խմելու և ոռոգման ջրի ջրամատակարարման, որոշ բնակավայրերում՝ լուսավորության, միջհամայնքային ճանապարհների, տանիքների վերանորոգման խնդիրներ։

Պարոն Առաքելյան, մամուլում և համայնքում շրջանառվում է այն լուրը, որ Դուք երկար տարիներ համայնքում չեք բնակվել։

– Քարոզաշավը լայն հնարավորություն կտա պատասխանելու բոլոր հուզող հարցերին: Քարոզարշավի շրջանակներում, հանդիպումների ընթացքում, անկեղծ զրույցների միջոցով կխոսենք մեր անելիքների մասին, պատշաճ ձևով կներկայացնեմ թե՛ ինձ, թե՛ իմ գործունեությունը, նպատակները՝ ինչի համար եմ եկել և ուր եմ գնում: Իմ՝ այստեղ չբնակվելու հետ կապված հարցերին ևս կպատասխանեմ: Բնակիչների մեծ մասը գիտեն՝ երբևիցե չի կտրվել իմ կապը մեր համայնքի հետ, հաճախակի եմ եղել այստեղ, ծնողներս, եղբայրս այստեղ են ապրում: Իմ գործունեության ոլորտը նպաստում է մեր համայնքի բնակիչների հետ հաճախակի շփմանը։  Պարզապես փորձում են ապատեղեկատվություն տարածել, թե ես արմատներով եմ կապված և մշտապես այստեղ եմ եղել հաշվառված: Մինչդեռ դա այդպես չէ: Վերջին 10 տարին է, որ ես մշտական չեմ բնակվում Քաջարանում: Մինչ այդ ապրել և աշխատել եմ այստեղ, 2008-2012 թթ. ընտրվել եմ ավագանու անդամ: Չգիտեմ՝ ում ինչ է տալու այդ շահարկումը, ինչու են ուզում ինձ օտարացնել մեր համայնքից, բայց այդ տասը տարիները չեն խանգարել, որ ես տեղյակ լինեմ մեր համայնքից, բնակչությանը հուզող խնդիրներից։

Ցանկանում եմ անդրադառնալ նաև ժողովրդին հուզող այն հարցին, թե որտեղ եմ եղել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ճիշտ է, մեծ մասը գիտեն, թե ես ինչով եմ զբաղվել, չնայած չեմ ցանկացել հանրայնացնել, չեմ ցանկացել, որ լուսաբանվի, թե ինչ եմ արել, որովհետև մենք չենք արել լուսաբանելու համար: Մենք՝ բոլորս էլ, մեր պարտքն ենք տվել հայրենիքին։ Պատերազմի օրերին նախընտրել եմ ներդրումներ անել թիկունքում, որ պակաս կարևոր չէ. ես ավելի շատ բան եմ արել թիկունքում, քան մյուսները՝ մարտի դաշտում։

– Պարոն Առաքելյան, նախընտրական պայքարը թափ է հավաքում, արդեն կայացել են առաջին հանդիպումները բնակչության հետ: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները:

– Տպավորությունս դրական է ու ոգևորող: Բնակիչների ընդունելությունը շատ ջերմ էր, անկեղծ, ինչը հնարավորություն տվեց արագորեն հաղթահարել մեկնարկային կաշկանդվածությունը և վստահորեն սկսել քարոզարշավը: Մենք մեր ժողովրդի հետ լինելու ենք ազնիվ ու նրա վստահության յուրաքանչյուր քվեն բառացիորեն վաստակելու ենք: Առաջին իսկ հանդիպումները վկայեցին, որ համայնքի բնակչությունը թարմության, նոր մտքի ու գործելակերպի, նոր մարդկանց պահանջ ունի, որի կրողը, կարծում եմ, մենք ենք:

– Իսկ ովքե՞ր են Ձեր կողքին:

– Մրցապայքարի իմ ընկերները, որոնք հիմնականում երիտասարդ, արժանապատիվ, հայրենի հող ու ջրին նվիրված, հասարակ ու չարատավորված մարդիկ են՝ պատրաստ ամենալուրջ պայքարի, ցանկացած դժվարություններ հաղթահարելուն: Կարծում եմ՝ նման տեմպը կպահպանենք, և հաջողությունն իրեն սպասեցնել չի տա…

– Պարոն Առաքելյան, ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ևս երկու քաղաքական ուժ: Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը, արդյոք կա՞ լարվածություն, սև փիառի քաղաքականություն մրցակիցների կողմից տարվո՞ւմ է:

– Սև փիառի առումով՝ այդ թեմայի շուրջ չեմ կենտրոնացել: Ես իմ գործն եմ անում և ժամանակ չունեմ նման բաների վրա ուշադրություն դարձնելու: Ինչ վերաբերում է մեզ, մենք լարվածություն չենք ստեղծում, սադրանքների չենք տրվելու, պառակտման չենք գնալու:

– Ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ եք կադրային փոփոխություններ իրականացնել։

– Կադրային փոփոխություներ, կարծում եմ, կլինեն: Բայց մենք չենք գալիս կադրային ջարդ իրականացնելու, նման քաղաքականություն չենք որդեգրել։ Ես ուզում եմ ունենալ ինձնից խելացի մարդկանցով  շրջապատված թիմ, և ինքս էլ լինեմ ուժեղ, որ կարողանամ ղեկավարել իմ թիմը։ Օրվա մեծ մասը լինում ենք աշխատավայրում, այն պետք է համարենք մեր տունը, իսկ աշխատակիցներին՝ մեր ընտանիքի անդամներ։ Համայնքի ղեկավար ընտրվելու դեպքում լինելու եմ ընտրողի և չընտրողի համայնքի ղեկավարը։

– Ի՞նչ եք կարծում, կլինե՞ն արդար և թափանցիկ ընտրություններ:

– Ես համոզված եմ, որովհետև մեր ժողովուրդն ունի բարձր գիտակցություն, ազատ կամք, ինչն էլ կարտահայտվի ընտրություններում։

Ի՞նչ կհղեիք քաջարանցիներին:

– Կցանկանամ, որ յուրաքանչյուր ոք իր խղճով ընտրություն կատարի, ամեն մարդ ինքը որոշի ում տալ քվեն: Բոլոր մրցակիցներին ցանկանում եմ հաջողություն։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker