Արտակ Բաղիկյանին կանչել են դատախազություն

«ADM դայմոնդս» ադամանդի ընկերության սեփականատեր Արտակ Բաղիկյանը հրավիրվել է դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ դիրքորոշում հայտնելու և հայտարարագիր ներկայացնելու։ Այսինքն՝ դատախազությունը վիճարկում է Բաղիկյանին պատկանող գույքի օրինականությունը։
Նշենք, որ «ADM դայմոնդս» ընկերությունը զբաղվում է ալմաստի ներկրմամբ և ադամանդի արտահանմամբ, 2019 թվականին ընկերությունը եղել է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում։ Ընկերության առաջին գրասենյակը 2014 թվականին հիմնադրվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, 2015-ին ընկերությունը հիմնադրել է իր հաջորդ գրասենյակը՝ Մոսկվայում և նույն թվականին գործունեություն է սկսել նաև Հայաստանում, սակայն այդ ժամանակ Հայաստանում զբաղվել է միայն վաճառքով: 2016 -ին նոր մասնաճյուղ է հիմնադրել Հոնկոնգում, իսկ 2017 -ին արտադրություն է սկսել նաև Հայաստանում:
Ըստ իշխանական լրատվամիջոցների, 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի է ունեցել «թավշյա հեղափոխությունը», Արտակ Բաղիկյանը սկսել է Հայաստանում աննախադեպ ներդրումներ կատարել, որոնք ենթադրաբար կատարվում էին Նիկոլ Փաշինյանի «տնտեսական հեղափոխության» կոչի ազդեցությամբ։ Հավանաբար Բաղիկյանին դատախազություն կանչելը ևս «տնտեսական հեղափոխության» տրամաբանության մեջ է։